Դիջիպատում

20131026_155035

    Ողջու՛յն

Շատ լավ եմ հիշում այս հրաշալի բառը <<Ողջու՛յն>>, երբ 2011 թվականին երկար տանջանքներից հետո մեծ զգուշավորությամբ հայտնվեցի կրթահամալիր՝ նախակրթարան և ողջունեցի 21 սեբաստացու: Այդ ժամանակ ինձ թվում էր վերապատրաստման պատասխանատու, դժվարին և ստեղծագործական ճանապարհն ինձ համար չէր, բայց աշխատանքներին ծանոթանալուց  հետո հասկացա, որ նույնիսկ ուշացել եմ, պետք էր շտապել և շատ աշխատել այդ բացառիկ ու հետաքրքիր ,մեծ , բայց միաժամանակ փոքր աշխարհում հայտնվելու և այդ աշխարհին ինտեգրվելու  համար:

Վերապատրաստումից հետո տիկին Աիդայի գլխավորությամբ փոքրիկ, բայց  հետաքրքիր   ելույթ կազմակերպեցինք  Վլվլիկ-բլբլիկ թեմայով: Դա իմ առաջին, բայց ոչ վերջին հաջողված ելույթն ու  մուտքը եղավ կրթահամալիր՝ Մարմարյա սրահ,  և այստեղից էլ սկսվեցին իմ ստեղծագործական , ուսումնական աշխատանքներն այդ աշխարհում , ինչն իմ կյանքի ձեռքբերումն է եղել և կուղեկցի ինձ ստեղծագործական ողջ ճանապարհիս ընթացքում:  

5 տարեկանների հետ աշխատելը շատերին կարող է թվալ դժվարին և բավականին պատասխանատու : Գուցե դա այդպես է , բայց իմ հաջողությունների գրավականը  եղել են հենց իրենք իրենց պայծառ, ստեղծագործական մտքերով : Մենք միասին բավականին հետաքրքիր  ուսումնական և ստեղծագործական աշխատանքներ ենք իրականացրել/<<Նապաստակները>>, <<Անսովոր դեմքեր>>, <<Հողի և ջրի ընկերությունը>>, <<Բնությունն ապրում է բնության մեջ>>, <<Ամանորյա հողաթափեր և տոնածառեր>> , <<Էլեկտրոնային նամակներ>>, <<Զնգլիկ>> և այլն /: Անգամ մրցանակաների ենք արժանացել : Հաճախ ենք ելույթ ունեցել մեդիաուրբաթներին : Ներկայացրել ենք նախագիծ և իրականացրել:

Հիմա մենք 3-րդ դասարան ենք  և նույն եռանդով աշխատում ենք : Դրա վկայությունն է այս տարվա մեր մի քանի նախագծերի իրականացումն ու դրանց հաջողակ ավարտը  :

Սեբաստացիների օրվա առիթով շրջագայեցինք քաղաքով և մեր գիտելիքները տարածեցինք հարցազրույցի տեսքով: Շատ տպավորված և զարմացած վերադարձանք դպրոց և խոստացանք , որ նմանատիպ հարցազրույցների շարք պետք սկսել: Գուցե ոչ բոլորի , բայց կա մի փոքրիկ խումբ, որոնց  համար օգտակար աշխատանք ենք կատարում :

Խնկոյանական օրերին սովորողները տեսանյութի տեսքով  ներկայացրեցին բեմադրված տարբեր առակներ, բանաստեղծություններ , որոնք դարձան  ուսումնական ֆիլմերի մի ամբողջական փաթեթ. <<Եղևնի >>,<<Աքաղաղն ու կտուրը>>,<<Գայլն ու շները>> <<Մուկն ու կատուն>>, <<Գորտը>>, <<Աքլորն ու մարգարիտը>>,<<Պուտուկն ու շերեփը>>:

Իրականացրեցինք նաև Տիեզերք նախագիծը , որը դեռ շարունակական է լինելու: Մեծ խանդավառությամբ նշեշինք Թթուդրիկը, անգամ ստեղծեցինք կենդանի հեքիաթ:

Ամենահետաքրքիր նախագծերից ստացվեց Ամանորյա նախագիծը <<հնդիկ>> սովորողների մասնակցությամբ և Հնդկաստանին բնորոշ տոնածառի գունավորությամբ: Սովորեցինք երգ, պար, կենցաղում օգտագործվող բառեր և այլն : Այս նախագիծը մյուսներից առանձնացավ նրանով, որ հիմանականում սովորողները, ուսուցիչները միմյանց բարևում, ողջունում, հաջողություն էին մաղթում ներկայացվող երկրի լեզվով: Մեր նախագծային աշխատանքը ամփոփվեց Ամանորյա միջոցառումով, իսկ այդ միջոցառումն անմոռանալի էր իր՝ չինացիների , ճապոնացիների, աֆրիկացիների, վրացիների և այլ  երկրների միախառնված մշակույթների ներկայացմամբ: Հավելեմ, որ հնարավոր չէ ձեռքբերումները թվարկել,քանի որ  դրանք շատ են ու մեկը մյուսի հետ խիստ կապված. ինձ համար ձեռքբերումները սկսվում են յուրաքանչյուր օր կրթահամալիր մտնելիս և ավարտվում երազում:

 

Оставьте комментарий